Հայ փրկարարների պատրաստվածությունը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այս մասին փետրվարի 20-ի մամուլի ասուլիսում ասել է Փրկարարական ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արմեն Գեւորգյանը։

Նա նշել է, որ Թուրքիա եւ Սիրիա են գործուղվել հատուկ փրկարարական խմբի ծառայողները, որը միջազգային որակավորում է ստացել եւ գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո։ «Խումբը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին, ինչպես պատրաստվածության մակարդակով, այնպես էլ հանդերձավորմամբ»,- ընդգծել է Գեւորգյանը։ Կա նաեւ պահուստային խումբ։ Բացի այդ, 4 մարզերում կան քաղաքային որոնողափրկարարական ծառայություններ։ Նրանք ամեն տարի ներպետական որակավորում են անցնում։ «Հայ փրկարարները մեծ փորձ ունեն, մասնակցել են աշխատանքների տարբեր երկրներում։ Քաղաքային որոնողափրկարարական խմբերի համար ամեն տարի իրականությանն առավել չափով մոտեցված վարժանքներ են իրականացվում»,- նշել է վարչության պետը։