Ասում են՝ Հայաստանում աշխատանք չկա. JOBHUB FAIR  տոնավաճառից դատելով՝ ես այդպես չէի ասի։ Ավելի շուտ, չկան համապատասխան մասնագետներ: Այս մասին նշել է 41-ամյա ծրագրավորող Ալեքսանդրը, ով այցելել է JOBHUB FAIR աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպել էին Move2armenia-ն եւ Armenian Code Academy-ն՝ IDeA հիմնադրամի աջակցությամբ (ֆոտոռեպորտաժ):

«Շուկան զարգանում է, եւ պահանջվում են ավելի շատ նեղ մասնագիտացված հմտություններ, որոնք, իհարկե, երիտասարդների համար ավելի հեշտ է յուրացնել։ Եվ այդ ժամանակ, իհարկե, ավելի հասուն տարիքի աշխատողները կորցնում են իրենց դիրքերը։ Բացի այդ, նկատել եմ, որ Հայաստանում շատ խիստ էյջինգ է․ 35+ մարդն արդեն նկատելիորեն զիջում է երիտասարդ մասնագետներին եւ աշխատանքի կայունության առումով մեծ ռիսկերի է բախվում, քանի որ ընկերությունները միշտ երիտասարդ մասնագետներ են փնտրում։

Նրանց կարելի է ավելի քիչ վճարել, ատեստավորումներ կազմակերպել։ Այս առումով Հայաստանի ավագ սերնդի բախտն, իհարկե, շատ ավելի քիչ է բերել։ Բայց հաճելի է տեսնել այդքան հետաքրքրված մարդկանց, կարծում եմ՝ նման պահանջարկը հետագայում ավելի շատ առաջարկներ կստեղծի տարբեր տարիքի մասնագետների համար»,- նշում է նա։

Ըստ ծրագրավորողի, ընդհանուր առմամբ, սա հիանալի հնարավորություն է, որ մարդիկ կարողանան գտնել իրենց հոգեհարազատ աշխատանքը, բայց եթե պետք է փնտրել ինչ-որ բան, «ապա հաստատ ոչ տեղական, այլ միջազգային ընկերություններում, քանի որ տեղական ընկերություններում աշխատավարձի մակարդակը տխրեցնում է. նույնիսկ ՏՏ ոլորտում…»:

Տոնավաճառը համախմբել է տարբեր տարիքի մեծ թվով մարդկանց։ Այստեղ եւ բուհերի շրջանավարտներ են, եւ ավելի բարձր տարիքի հայցորդներ, ինչպես նաեւ ռելոկանտներ:

Ընկերությունների մեծ մասը պահանջում է հայերենի իմացություն, սակայն կան նաեւ թափուր աշխատատեղեր ռուսերենին տիրապետողների համար եւ կամավորական ծրագրեր։ Անգլերենը առաջատար դիրքերում է, եւ դա վերաբերում է ոչ միայն թվային ընկերություններին։

34-ամյա Ալեքսեյը պատմեց, որ եկել է տոնավաճառ՝ տեսնելու, թե Հայաստանում որքան ռուսալեզու մասնագետներ են անհրաժեշտ։ «Ես մարքեթոլոգ եմ։ Հասկանում եմ, որ պետական ​​լեզվի իմացությունը կարեւոր է ցանկացած երկրում եւ ավելի շատ հնարավորություններ է տալիս, ուստի սովորում եմ լեզուն: Բայց առայժմ կուզենայի աշխատանք գտնել, որ կարողանամ ապրել, հակառակ դեպքում ստիպված կլինեմ տեղափոխվել»,- նշում է նա։

Փետրվարի 18-19-ը Երեւանում անցկացվեց JOBHUB FAIR չորրորդ տոնավաճառը։ Առաջին օրը դրան մասնակցեցին հայաստանյան 25 խոշորագույն ՏՏ ընկերություններ, որոնք ներկայացրեցին ավելի քան 300 թափուր աշխատատեղեր տարբեր մասնագետների համար՝ սկսնակ ծրագրավորողներից մինչեւ  թոփ մենեջերներ։ Միջոցառմանն այցելեց ավելի քան 2000 մարդ։

Կիրակի Move2Armenia ընկերությունն առաջին անգամ կազմակերպեց ոչ ՏՏ ոլորտի աշխատանքի տոնավաճառ։ Այս օրը գործատուները ամենատարբեր հնարավորություններն էին առաջարկում։ Օրինակ, buy.am-ը առաքիչներից բացի պահանջում է նաեւ ծրագրավորողներ ընկերության կայքի եւ հավելվածի համար։ creative lab-ը նույնպես ուշադրություն է դարձնում նաեւ ծրագրավորողներին եւ թվային շուկայագետներին։ Իսկ Evolutio-ում պահանջվում են առցանց խաղերի ռուսալեզու օպերատորներ:

Move2Armenia բրենդ-մենեջեր Անաստասիա Ակշովան ասաց, որ կիրակի կազմակերպիչները համախմբել էին 40 ընկերությունների՝ ավելի քան 400 թափուր աշխատատեղերի պահանջարկով բոլորովին տարբեր ոլորտներից՝ հյուրանոցներ եւ ռեստորաններ, մարքեթինգային գործակալություններ եւ ուսումնական կենտրոններ, կառուցապատողներ, բժշկական լաբորատորիաներ եւ այլն։

«Երկու միջոցառումներն էլ հաջող անցան։ Մենք հանդիպեցինք հյուրերի բազմաթիվ զարմացած հայացքների, գործատուների գոհ կարծիքների: Մասնակից ընկերությունները շատ լավ պատրաստվել էին. մրցույթներ,  առաջադրանքներ, խաղեր, գեղեցիկ ու լուսավոր ստենդեր, հետաքրքիր պատմություններ իրենց թափուր աշխատատեղերի եւ կորպորատիվ մշակույթի մասին: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին կազմակերպման համար, նշեցին, որ օգտակար կապեր հաստատեցին, թողեցին ռեզյումեներ, իմացան նոր ընկերությունների, նրանց պահանջների ու հնարավորությունների մասին։ Սպասեք աշխատանքի հաջորդ տոնավաճառներին, մենք նախատեսում ենք դրանք իրականացնել ամեն սեզոն, որպեսզի հնարավորինս օգտակար լինենք Հայաստանի բնակիչների եւ հյուրերի համար»,- ասում է նա։

Բացի հետաքրքիր թափուր աշխատատեղերից, այցելուները կարողացան իրենց ռեզյումեի համար անվճար լուսանկար ստանալ եւ մասնակցել Move2Armenia կազմակերպչական թիմի մրցանակների խաղարկություններին:

60CC70B1-D789-4046-B7AD-CDAA06A7823D.jpg (37 KB)

71AF807F-1033-4B94-A4EC-BEE2A93712A2.jpg (37 KB)

AE08F85F-657C-427D-B59D-9973260EE6E7.jpg (36 KB)

F324C051-499E-417C-873B-7FA4AAAADE1F.jpg (42 KB)