Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, էներգետիկան, հունա-թուրքական հարաբերությունները եւ ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։

Նրա խոսքով՝ վարչապետի եւ Թուրքիայից Աթենք ժամանած Բլինքենի հանդիպման օրակարգում ներառված կլինեն «բոլոր հիմնական հարցերը», որոնք վերաբերում են Հունաստանին եւ միջազգային քաղաքականությանը։ «Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, էներգետիկան այն հարցն է, որը, կարծում եմ, փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում Հունաստանի, հետեւաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար։ Մեր երկիրը գլխավոր դեր է խաղում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հետեւանքների հաղթահարման քաղաքականության մշակման գործում։ Ակնհայտ է, որ դրանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների եւ ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր են»,- ասել է Իկոնոմուն։

Նախարարների կաբինետի ներկայացուցիչն ընդգծել է, որ «երբ Հունաստանի վարչապետը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի հետ, որը Հունաստանի ավանդական դաշնակիցն է, առաջանում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»: