Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում Կնեսետի շենքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է Իսրայելի դատական համակարգի բարեփոխումների նախագծի առաջին մասը։ Տեղական CH13 հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանի շենքի մոտ առնվազն 75 000 մարդ է հավաքվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Օրինագիծը նախատեսում է Դատավորների նշանակման հանձնաժողովի կազմի փոփոխություն՝ կառավարությանը տալով փաստացի վերահսկողություն նշանակումների նկատմամբ, ինչպես նաեւ Գերագույն դատարանի կողմից հիմնարար օրենքների նկատմամբ դատական վերանայման սահմանափակում:
Ավելի վաղ ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ մտադիր չէ դադարեցնել բարեփոխումների դեմ պայքարը։ «Մենք պայքարում ենք մեր երեխաների ապագայի, մեր երկրի ապագայի համար։ Մենք մտադիր չենք հանձնվել»,- ասել է նախկին վարչապետը։
Իսրայելի դատաիրավական բարեփոխումների նախագիծը ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարար Յարիվ Լեւինը։ Նախագիծը կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները հօգուտ խորհրդարանի, ինչպես նաեւ խորհրդարանականներին հնարավորություն կտա վիճարկել Գերագույն դատարանի որոշումները։ Բացահայտված բարեփոխումների ծրագիրը Թել Ավիվում եւ Երուսաղեմում հազարավոր բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Նախագահ Իցհակ Հերցոգը նաեւ կոչ է արել Բենիամին Նեթանյահուի կառավարությանը հետաձգել բարեփոխումների քննարկման գործընթացը եւ ընդդիմության հետ բանակցություններ սկսել։





























