ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման մասին Կոնգրեսին ծանուցելու ժամկետ չի կարողացել նշել՝ Կոնգրեսի կողմից վաճառքի հաստատման բացակայության պատճառով։

«Ինչ վերաբերում է F-16-ին, ես չեմ կարող ձեզ տրամադրել պաշտոնական ծանուցման (Կոնգրեսի - խմբ.) ժամկետներ: Կարող եմ ասել, որ ես ակտիվորեն ներգրավված եմ F-16 փաթեթին վարչակազմի վճռական աջակցության մասին Կոնգրեսի հետ զրույցներում»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Բլինքենը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել առանց Կոնգրեսի հավանության, եւ օրենսդիրների մտահոգությունները պետք է փարատել։ ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել է այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի: