Մենք շատ ենք գնահատում այն դրական քայլերը, որ Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի, Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համագործակցում են նաեւ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում եւ Բալկաններում, Կովկասում ու աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման գործում։ Մենք շատ ենք գնահատում այն դրական քայլերը, որ Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի, Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար, որոնց քաղաքացիները, ի դեպ, կողք կողքի աշխատել են Թուրքիայի իրենց գործընկերների հետ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Եվ մենք հանձնառու ենք պահպանել մեր շատ սերտ պաշտպանական համագործակցությունը, այդ թվում՝ ապահովելով, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակներում օդային ուժի բարձր արդյունավետության մատակարար»,- ասել է Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։




























