Հնդկաստանի կառավարությունը բռնագրավել է այն բնակիչների գույքը, որոնք գաղթել են Չինաստան եւ Պակիստան եւ ընդունել այդ երկրների քաղաքացիությունը։ 

Ինչպես հայտնում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարությունը, Հնդկաստանի կառավարությունը 2018-2022 թվականներին այդ գույքի վաճառքից ստացել է 34 մլրդ ռուփի (410,7 մլն դոլար), որն էլ փոխանցվել է պետությանը։

Պարբերականի տվյալներով՝ առգրավումն ու վաճառքը վերաբերել են նաեւ բաժնետոմսերին եւ այլ արժեթղթերին, 152 հնդկական ընկերություններում արտագաղթողների մասնաբաժիններին, ինչպես նաեւ Հնդկաստանից մեկնածներին պատկանող 1,6 տոննա ոսկու եւ ավելի քան 26 տոննա արծաթի տեղական բանկերում: Չինաստան եւ Պակիստան արտագաղթածների անշարժ գույքը մինչ այժմ բռնագրավման ենթակա չէր։

ՆԳՆ-ի հաշվետվության համաձայն՝ Հնդկաստանում մնում է 12 611 անշարժ գույքի օբյեկտ, որոնք մինչ օրս պատկանում են երկրից Չինաստան եւ Պակիստան մեկնած եւ նրանց քաղաքացիությունն ընդունած անձանց:

Նրանց ունեցվածքի բռնագրավումն իրականացվել է թշնամու սեփականության մասին հնդկական օրենքի հիման վրա։ Օրենքի համաձայն՝ «թշնամու գույքը ներառում է ցանկացած գույք, որը պատկանում է, պահվում կամ շահագործվում է թշնամու, թշնամական սուբյեկտի կամ թշնամու ընկերության անունից»։