Խաչատուրովների սպայական ընտանիքը ոսկե տառերով է գրել իր անունը Հայոց ազատամարտի պատմության մեջ. այն, ինչն այսօր կատարվում է կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից ուղիղ Էրդողանի եւ Ալիեւի հրահանգն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այժմ քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը: Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ:
«Մենք դարեր շարունակ չենք ունեցել բարձր սպայակազմ՝ ընտանեկան ավանդույթներով: Հարյուր տարի առաջ թրքաբոլշեւիկները Քեմալ Աթաթուրքի հրամանով գլխատեցին, ձերբակալեցին, կալանավորեցին հայոց բանակի բարձրաստիճան սպայակազմը՝ շուրջ 1600 հոգի, 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանի նեոթրքաբոլշեւիկյան ռեժիմը սկզբում հասավ Արցախի հերոսի մերժման, հետո մյուս Արցախի հերոսի կալանավորման, մյուս Արցախի հերոսի գրպանը տուշոնկա գցելով, հետո մյուս Արցախի հերոսներին գործից հանելով, հետո Արցախում Լեւոն Մնացակայանի հրաժարականին հասնելով, հետո Արցախի բանակից Օգանովսկուն մեկուսացնելով, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանին, Տիրան Խաչատրյանին մեկուսացնելով, հիմա էլ հասել է Սեյրան Օհանյանին եւ Գրիգորի Խաչատուրովին: Այստեղ խնդիրը երրորդ Հանրապետության սպայական հաղթական ավանդույթները քանդելն է, սա թուրքական պատվեր է»,- նշեց Շարմազանովը:
Նա հայտնեց, որ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ համաձայնել է Արցախն Ադրբեջանին հանձնելու. «Համաձայնել է Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու գործընթացին: Հիմա ժողովրդի ուշադրությունը շեղում է»:
Նշենք, որ ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Բակում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:











