Վաղուց փակված մասնավոր կենդանաբանական այգու խղճուկ պայմաններում պահվող կենդանին հինգ տարի կատարյալ մենության եւ լռության մեջ է անցկացրել: Մյուս կենդանիներին տեղափոխել էին, բայց Ռուբենի համար տեղ չէր գտնվել, ասաց կենդանուն փրկող Animal Defenders International ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչը:

Ծեծված, միայնակ առյուծը լայնածավալ փրկարարական գործողությունից հետո բետոնե վանդակից տեղափոխվել էր հայկական արգելոցում գտնվող ժամանակավոր կարանտինային կետ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Ռուբենին Հարավային Աֆրիկայում գտնվող իր վերջին տուն տեղափոխելու ուղղությամբ, հայտնում է The Epoch Time-ը։

Ռուբենի վանդակը ընդամենը մի քանի ֆուտ լայնություն ուներ, բայց նա այժմ ապրում է ջեռուցվող տնակում՝ հատակին չոր խոտի ծածկույթով եւ տաքացվող բացօթյա տարածքով:

Առյուծը վատ վիճակում էր՝ չխնամված մազածածկույթ եւ կոտրվող ատամներ։ Ռուբենը նաեւ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, որը, հավանաբար, առաջացել է ուղեղի կամ ողնաշարի վնասվածքի հետեւանքով։

Ներկայումս ջանքեր են գործադրվում՝ օգնելու առյուծին վերականգնել առողջությունն ու ուժը, որպեսզի նրան տեղափոխեն իր հայրենի Աֆրիկայում գտնվող վայրի բնության արգելոց: Այնտեղ աշխատողներին հասանելի կլինեն ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը նրանց թույլ կտա բուժել նրա լուրջ խնդիրները եւ ատամնաբուժական աշխատանքներ կատարել:

Ներկայումս նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Ռուբենին մարտին Հարավային Աֆրիկա փոխադրելու համար: Ճամփորդությունը պահանջում է մանրակրկիտ ծրագրում եւ ներառում է անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերում, հատուկ արկղի կառուցում, նոր բնակության միջավայրի պատրաստում եւ ավիատոմսերի ամրագրում: Այս երկար ճանապարհորդությունից հետո Ռուբենը վերջապես կկարողանա գտնել այն կյանքը, որին միշտ արժանի է եղել:

Animal Defenders International-ը ավելի քան 20 տարի աշխատում է  անազատության մեջ գտնվող կենդանիների տառապանքներին վերջ դնելու համար: Մինչ օրս նրանք հաջողությամբ փրկել են հարյուրավոր կենդանիների, այդ թվում՝ աշխարհի տարբեր կրկեսներից առյուծների եւ վագրերի։