ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ Հունաստանին եւ Թուրքիային կոչ է արել նվազեցնել հռետորաբանության լարվածությունը, քանի որ երկու երկրներում սպասվում են ազգային ընտրություններ՝ ամրապնդելու միասնությունը անդրատլանտյան դաշինքում, հաղորդում է The Associated Press-ը:

Բլինքենը Աթենքում հանդիպել է պաշտոնյաների հետ Թուրքիա այցից հետո։ Թուրքիայում նա այցելել է այն շրջաններ, որոնք առավել շատ տուժել են վերջին ավերիչ երկրաշարժերից: 

Հույն եւ թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք պատրաստ են թայմ-աութ վերցնել Արեւելյան Միջերկրական ծովի ծովային սահմանների շուրջ երկրաշարժերից հետո, որոնց հետեւանքով զոհվել է մոտ 45 000 մարդ Թուրքիայում եւ Սիրիայում:

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ դադարը երկու երկրներին հնարավորություն կտա «վերադառնալ դիվանագիտությանը»։

«Մեր շահերից է բխում, եւ ես կարծում եմ, որ ինչպես Հունաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերից է բխում գտնել վաղեմի տարաձայնությունների լուծման ուղիներ»,-ասել է Բլինքենը։

Բլինքենը կոչ է արել Անկարային եւ Աթենքին իրենց տարաձայնությունները լուծել «երկխոսության միջոցով, դիվանագիտության միջոցով, եւ միեւնույն ժամանակ ոչ մի միակողմանի գործողություն չձեռնարկել կամ օգտագործել ցանկացած հռետորաբանություն, որը միայն կբարդացնի իրավիճակը»։

«Երկու երկրներն էլ մոտենում են ընտրություններին։ Դա, իհարկե, երբեմն խթաններ է ստեղծում հռետորաբանության համար, որը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել»,-ասել է Բլինքենը։

Հաղորդվում է, որ Աթենքում Նա հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ։