Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, երեկվա երկրաշարժի հետեւանքով փլուզման վտանգի շեմին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։

«Մենք նոր-նոր էինք սկսել ուշքի գալ առաջին երկրաշարժից։ Վերջին երկրաշարժի էպիկենտրոնը շատ մոտ էր Քեսաբին, եւ այդ պատճառով շատ ուժեղ ցնցում էր։ Եթե կրկին նման ուժեղ ցնցում լինի, եկեղեցին կփլուզվի, առանց այդ էլ փլուզման եզրին են փոքր գմբեթները»,- նշեց տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։

Նրա խոսքով՝ անօթեւան մնացած հայերին չեն կարող թույլ բնակվել եկեղեցու ներսում, քանի որ փլուզման վտանգը մեծ է։ Կիրակի եկեղեցում պատարագ է մատուցվել, սակայն վաղվանից սկսվող ժամերգությունների անցկացումը հարցականի տակ է։

«Վերջնական որոշում չունենք արարողությունները կլինեն, թե՝ ոչ։ Գուցե անենք այն համոզումով, որ Աստված միշտ մեզ հետ է եւ մեզ կպաշտպանի։ Այժմ վերանորոգման աշխատանքներ սկսելն էլ նպատակահարմար չէ, որովհետեւ չենք կարող ասել, թե ինչ մեզ կսպասվի»,- ասաց տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։

Նշենք, որ նախօրեին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել 294-ը, որոնցից 18-ի վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 41 հազար մարդ։ Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։

processed-6da893a5-9dbc-4261-8853-70bfa87695a4_HZ4AoPqF.jpeg (30 KB)

processed-34c55b03-d037-43ca-8f59-acf88744d48d_EPtiH5hy.jpeg (18 KB)

processed-75b767ba-18be-4ff0-845d-5d62d4295b90_FyaFIAsM.jpeg (32 KB)

processed-c0da467c-11b7-4d88-afb5-04d51d0ade21_8WuW7Twx.jpeg (34 KB)

processed-d00e69cc-fa18-4acb-a966-4410143693d4_hwwEPTQe.jpeg (33 KB)

processed-ea56fab3-f009-4832-ba55-c916917d84f1_uOeTz59o.jpeg (19 KB)