«Դոկտրինա» լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում (մինչեւ սեպտեմբերի 18-ը) Ադրբեջանի ռազմական ոլորտում մարդկային կորուստների վերաբերյալ անցկացված մոնիթորինգի արդյունքները:

Հավետվության համաձայն, նկատվում է կորուստների թվի կտրուկ աճ, որը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 68, իսկ վիրավորների թիվը հասել է 70-ի:

«8 զինծառայող զոհվել է թշնամու գնդակից, մեկը պայթել է ականի վրա, իսկ ոչ ռազմական պայմաններում կորուստների թիվը կազմել է 59-ը»,-նշված է հաշվետվության մեջ:

7 մարդ մահացել են անհայտ հանգամանքներում, 9-ը` դժբախտ պատահարի հետեւանքով:

10 մարդ մահացել է ավտովթարի, 7-ը թունավորումներից եւ հիվանդություններից, 16-ը իրար դեմ զենքի կիրառման հետեւանքով, 9-ը ինքնասպանություն են գործել:

Մահացածներից 61-ը Պաշտպանության նախարարության, 4-ը` Սահմապահ ծառայության, 1-ը` Պետանվտանգության վարչության զինծառայողներ են:

«Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանցից 10-ը վիրավորվել են ոչ կանոնադրական հարաբերությունների, 4-ը` ինքնասպանության փորձի, 28-ը` ավտոտրանսպորտային պատահարի, 7-ը` դժբախտ պատահարի, մեկը հիվանդության, 2-ը ականի վրա պայթյունի հետեւանքով, 18-ը` թշնամու գնդակից»,-նշված է տեղեկության մեջ:

Նրանցից 10-ը ծառայություն են անցել Սահմանային ծառայությունում, 1-ը` Զինվորական դատախազությունում, 2-ը` Պետանվտանգության վարչությունում, 57-ը` Ադրբեջանի ՊՆ-ում, հաղորդում է Contact.az-ը: