Հայաստանի իշխանությունները հաճախ են հայտարարում, որ խաղաղության փաստաթուղթը չի երաշխավորում Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից։ Դա նշանակում է, որ պարտադրվող խաղաղության օրակարգը ոչ մեկին պետք չի լինի։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Նա նկատեց, որ Հայաստանը երբեք չի բախվել այնպիսի իրավիճակ ի, ինչ եղավ  Մյունխենում։  

«Եթե երկրի ղեկավարն ընդունում է, որ ինքը ոչ թե գործոն է, այլ գործիք, ապա չգիտեմ, թե նա ինչ է մտածում՝ նվաստացնելով մի ամբողջ ժողովրդի։ Երբ չես պատասխանում ծաղրանքին, հաջորդ Մյունխենում ավելի վատ կլինի։ Ալիեւի համար ավելի լավ նվեր չկա։ Ռացիոնալ, համարժեք պատասխան չի տրվել Ալիեւի լկտի պահվածքին»,-նշեց դիվանագետը։

Օրակարգ է մտցվել իբր խաղաղության գաղափարը, իսկ այդ գաղափարի հակառակորդներին հռչակել են պատերազմի կողմնակից։ Բայց իշխանության կողմից հռչակված պատերազմի կողմնակիցները, նրա գնահատմամբ, ավելի շատ հակված են եղել խաղաղության, քանի որ ավելի քան 30 տարի աշխատել են այդ խաղաղությունը պահելու համար' տարածքային եւ մարդկային սարսափելի կորուստների չհանգեցնելով։

«Այն, ինչ մենք տեսնում ենք հայ-թուրքական գործընթացների շրջանակներում, աննախադեպ է։ Դա ցնցող է, բոլոր կարմիր գծերը խախտված են։ Չգիտեմ, թե որտեղ են այդպիսի որոշումներ կայացվում։  Պարզ էր, որ թուրքական դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվելու։ Այնտեղից պատասխանեցին՝ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանին, որին աջակցել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,-նշեց դեսպանը։

Մելիքյանը հավելեց, որ Հայաստանին դիտարկում են որպես բուֆեր, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործիք։