Արցախի իշխանություններն իրենք են որոշում իրենց անելիքները. Նույնիսկ պայմանավորվածություն կա, որ մենք ոչ մի բանով Արցախի իշխանություններին իրենց գործողություններում չենք սահմանափակում կամ չենք խոչընդոտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Կա հստակ հասկացողություն, որ բոլոր այն գործառույթները, որոնք Արցախը կատարում է, մենք պատրաստ ենք եղել , հիմա էլ պատրաստ ենք նրա կողքին կանգնելու:

Իրենք ասում են՝ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչ է, բա Ալիեւ, դուք եւ Ռուսաստանը բարեկամ երկրներ եք, ռուսական խաղաղապահ զորքերն այսօր գտնվում են Արցախում: Այդ դեպքում, եթե Ռուբեն Վարդանյանի այնտեղ լինելը զուտ պատրվակ չէ Ալիեւի համար, էդ դեպքում թող պահանջի, որ ռուսական խաղաղապահ զորքերն էլ հեռանան:Այսինքն երբ խորանում ես հարցի մեջ, հասկանում ես, որ սա սովորական մանիպուլյացիա է՝ ուղղակի մի նոր խոսույթ մտցնելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Ռուբեն Վարդանյանին Ռուսաստանն է գործուղել Արցախ, Հակոբ Ասլանյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից է գործուղվել, բայց եթե Արցախի իշխանությունները հարմար են գտել, որ նա պետք է պետնախարար լինի, դա իրենց որոշումն է: Մենք իրավունք չունենք ասել՝ Արցախ, Ռուբեն Վարդանյանին հեռացրու կամ պահիր: Մենք Արցախի իշխանությունների կողքին ենք կանգնած»:

Նա անդրադարձավ նաեւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե 100 օրում ինքը շատ բան կարող է փոխել Արցախում, նաեւ պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից է նա գործուղվել Արցախ. «Ես նման տեղեկություն չունեմ եւ չեմ  կարծում, որ այդպես է: Մենք ոչ մեկին չենք գործուղում, մենք ցանկանում ենք, որ Արցախի իշխանությունները կարողանան հստակ որոշել իրենց կողմնորոշումները եւ հարկ եղած դեպքում, եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք կանգնել նրանց կողքին եւ վերջ»:

Հակոբ Ասլանյանը նորմալ է համարում, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է բանակցեն. «Ադրբեջանը մոռացել է, որ 1994-ի մայիսին Արցախը բանակցող կողմ էր եւ հրադադարի տակ կար Արցախի ներկայացուցչի ստորագրությունը: Ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ Արցախը կարող էր լինել բանակցող կողմ, հիմա չի կարող: փոխվել է այն, որ Ադրբեջանը կարողացել է անցած 30 տարիների ընթացքում հզորացնել իր բանակը՝ թիկունքում ունենալով Թուրքիային, նաեւ Պակիստանը, Իսրայելը, եւ այդ պայմաններում, երբ նա հաջողության հասավ, փորձում է ուժի դիրքերից խոսել: Այո, պետք է Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, որովհետեւ Արցախի ժողովրդի իրավունքի հարցն է»:

Նա անդրադարձավ նաեւ 44-օրյա պատերազմին. «44-օրյա պատերազմում միջազգային հանրությունը մեր կողմից չէր, որովհետեւ համարում էր, որ Ադրբեջանը վերադարձնում է իր տարածքները: 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային հանրության աչքին մենք երեւում էինք որպես Ռուսաստան, իսկ հիմա որպես Ուկրաինա: Այսօր ԵՄ-ն երկու տարով առաքելություն է ուղարկում Հայաստան, եւ Ադրբեջանը գլուխը կորցրել է: Որովհետեւ հասկանում է, որ իր փչած ստերը միջազգային հանրությունը ի դերեւ է հանելու»: