Հայկական կողմը չի ասել, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումը չեղարկվել է, այլ ասել է, որ հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները Արարատ Միրոզոյանի այցի չեղարկումը բացատրել են Լաչինի միջանցքի ճգնաժամով։

«Ես չէի եզրակացնի, որ իրական բանակցություններն արեւմտյան հարթակում են ընթանում։ Ոչ վաղ անցյալում եկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով մեր հատուկ ներկայացուցիչը, եւ տեղի ունեցավ առարկայական երկխոսություն տարածաշրջանային խնդիրների ողջ շրջանակի շուրջ։ Սա պահպանվում է: Հայաստանն ու Ադրբեջանը իրենք են ընտրում իրենց երկխոսության ուղիները եւ հարթակները, որտեղ երկխոսություն են վարում, դա իրենց իրավունքն է։ Բայց մեր դիրքորոշումն այն է, որ կարգավորման բանալին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք արձանագրվել են մի քանի հայտարարություններում»,- ընդգծել է նա։

Կոպիրկինը հիշեցրել է, որ նման վերջին հայտարարությունը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Սոչիում։

«Հենց այս տրամաբանության մեջ է, որ մենք շարունակում ենք աշխատել։ Մենք կարծում ենք, որ հենց այս ուղին է ամենագործնականն ու խոստումնալիցը, հենց այս ուղին է թույլ տալիս առավելագույնս հաշվի առնել բոլոր կողմերի շահերը, մտահոգությունները, զգայուն պահերը»,- ընդգծել է դեսպանը։

Նա բացատրել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն եւ ռեսուրսներ է հատկացնում եւ օգտագործում Ուկրաինայի իրավիճակի հետ կապված, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի Դաշնությունը երես է թեքել Հարավային Կովկասից։

«Ռուսաստանն այստեղ պահպանում է խաղաղապահ զորախումբը, պահպանվում են բոլոր այն պարտավորությունները, որ Ռուսաստանը ունի անվտանգության ոլորտում։ Այս ամենը հաստատվում է ամենաբարձր մակարդակով։ Ոչ վաղ անցյալում, բախումների ֆոնին, նախագահի մամուլի քարտուղարն ասաց, որ Հայաստանը մնում է մեր մերձավոր դաշնակիցը, իսկ առկա դժվարությունները մենք միասին կլուծենք։ Այս դիրքորոշումը չի փոխվել։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, նրանք, ովքեր ակտիվորեն փորձում են դա ներարկել Հայաստանի հանրային գիտակցության մեջ, հետապնդում են իրենց շահերը կամ որոշ ուժերի շահերը, որոնք շահագրգռված չեն, որ Ռուսաստանը մնա այստեղ, որ պահպանվեն դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ։ Բայց սա ցանկությունները իրականության տեղ ներկայացնելու փորձ է։ Ռուսաստանը նման մտադրություններ չունի։ Մեզ համար սա շատ կարեւոր տարածաշրջան է, Հայաստանի հետ կապերը շատ առումներով շատ կարեւոր են»,- եզրափակել է դիվանագետը։