Ռուսաստանը Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակաուղղված ջանքեր է գործադրում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Դրանց հիմքում 2020-2022թթ. բարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների համալիրն է, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցներ, այդ թվում երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, շփումների զարգացում քաղաքացիական հասարակության գծով»,- ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետեւողական աջակցություն է ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման հարցում եւ կարծում է, որ քայլերը պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն եւ արդարացի խաղաղության պայմանների ստեղծմանը, ինչի արտացոլումն էլ կդառնա խաղաղության պայմանագիրը։
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանի միջնորդությունն այն է, որպեսզի ապահովի կառուցողական եւ բովանդակալից երկխոսություն՝ փոխընդունելի հանգուցալուծումների որոնման նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։
Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Խովաեւը մշտապես այցելում է Երեւան եւ Բաքու, վերջին անգամ՝ համապատասխանաբար 2023թ. փետրվարի 9-10-ին եւ 14-15-ին։
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության արմատները պատմության խորքն են գնում։ Դրա վերջնական կարգավորման համար անհրաժեշտ են ժամանակ եւ համբերություն, այնպիսի պայմանների ձեւավորում, որոնք կարող էին ապահովել փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված երկկողմ պայմանավորվածությունների ամրություն, հուսալիություն եւ կայունություն։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ հենց դրան են ուղղված Ռուսաստանի ջանքերը, որի համար տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը միշտ առաջին պլանում կլինեն։





























