Երևանում մեկնարկել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության դասընթացները: Ունկնդիրների թվում ինչպես ճանաչված լրագրողներ, հեռուստամեկնաբաններ և հաղորդավարներ են, այնպես էլ ուսանողներ և սկսնակ լրագրողներ։ Դասախոսություններով են հանդես գալիս ռուսաստանցի հայտնի լրագրողներ, հաղորդավարներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ «ՌԲԿ» հեռուստաընկերության վառելիքաէներգետիկ համալիր/արդյունաբերություն բաժնի խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոն, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաալիքի, այնուհետև՝  ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևը, նաև՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:

Դասընթացի առաջին օրը «ՌԲԿ» մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովը հայաստանցի լրագրողներին պատմեց հարցազրույց անցկացնելու ավանդական մոտեցումները կոտրելու հնարավորությունների մասին, կիսվեց իր անձնական փորձով ու ներկայացրեց այն մեթոդները, որոնցով հնարավոր է առավել գրավիչ և սպառվող բովանդակություն մատուցել լսարանին։

Մեկ այլ վարպետաց դասի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Արշակյանը լրագրողներին տնտեսագիտության հիմունքներին ծանոթացրեց․ ոլորտի մասին բազային գիտելիքներ ունենալը կարևոր է առկա խնդիրները լիարժեք պատկերացնելու և դրանք հանրությանը ճիշտ դիտանկյունից մատուցելու համար. վարպետության դասի նպատակներից մեկը նաև այս բացը լրացնելն է։

Դասընթացները 10 օր են տևելու։ Վիկտոր Սողոմոնյանը նկատում է՝ եթե ամեն ինչ հաջող ընթանա, և հետագա դասընթացների պահանջարկ լինի, հնարավոր է՝ մշտական գործող մասնագիտական մասնավոր դպրոց ստեղծվի։

Մանրամասները՝ ռեպորտաժում։