Պետք է քաղաքական, դիվանագիտական միջոցներով աշխատանքներ տանել եւ փորձել ճնշումն ավելացնել, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադանալով հարցին, թե ինչ կարող է լինել, եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի պահանջը, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։

«Եթե Ադրբեջանը չի կատարում դատարանի պահանջը, ապա հայաստանյան դիվանագիտությունը պետք է անընդհատ այդ ուղղությամբ աշխատանքներ տանի։ Միջոցներ կան, ընդհուպ հարցը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում բարձրացնել։ Իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական առումով այսօր աշխարհաքաղաքական  տրամաբանության մեջ Անվտանգության խորհուրդն աշխատացնելը բարդ է, բայց միգուցե սա հնարավոր լինի օրակարգ բերել»,– ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով  վերջնական որոշման կայացումը,  կոնվենցիայով  իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել   իրենից կախված  բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան  տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: