Հիմա կերազեինք, որ հիմա Մադրիդյան բանակցվող փաստաթղթերի 10 տոկոսը ստանայինք: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Բեկում» երիտասարդական ֆորումի՝ «ՀՀ անվտանգային, իրավական, տնտեսական, արտաքին հարաբերություններում հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝          անդրադառնալով Արցախի շուրջ զարգացումներին:

«Մադրիդյան փաստաթղթերը դա նշանակում էր բանակցային գործընթաց, թելադրող դիրքեր եւ ամենակարեւորը, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմից դուրս: Հիմա այս մեկը, որ գոռում էր, որ Ադրբեջանում մոտեցում կա, որ Արցախը պետք է իրենցը լինի եւ ժամանակին էլ գոռում էր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», հիմա ասում ՝ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, Ալիեւն էլ շարունակում է, ասում է՝ դե այդ դեպքում Հայաստանն էլ արեւմտյան Ադրբեջան է եւ վերջ: Հիմա մենք սրան ինչ կարող ենք հակադրել, եթե ՀՀ իշխանությունն ընդունում է այդ տեսակետը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում նախապայման է, որ պետք է բավարարվեն Ադրբեջանի պահանջները. «Ադրբեջանի պահանջներն են՝ ա. Արցախը համարվում է Ադրբեջան, բ. Հայաստանը պետք է հանձնի միջանցք Զանգեզուրում, գ. անկլավների վերադարձ եւ դ. ամենահետաքրքիրը, որ ՀՀ սահմաները որոշելու է Ալիեւը, որն ասում է, որ Երեւանն ադրբեջանական քաղաք է: Դե իրենց համար միեւնույն է, Ալիեւը կասի, Էրդողանը կասի, կարեւորը իրենք մնան պաշտոններում»:

Թեւանյանն ասաց, որ իշխանությունները թաքցրել են նաեւ այն, որ թշնամիեն հայտարարել Ռուսաստանին եւ Հայաստանը նաեւ մտել է հակաիրանական կոալիցիայի մեջ:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այն բալանսն էր, որը ստացանք պատերազմից հետո: Նիկոլ Փաշինյանը հիմա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խմբագրել է ի վնաս Հայաստանի, 2022 թվականին Պրահայում համաձայնելով Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում եւ առաջ բերելով Ալմաթայի համաձայնագիրը, որով առանձին միավոր է դիտարկվում Հայստանը եւ չհիշելով վերապահումները, որն ունեցել Հայաստանը, որ Արցախը չի վերաբերելու ՀՀ տարածքային ամբողջականությանը, ավտոմատ հնարավորություն է տվել Լաչինի միջանցքը փակելու: Ստորագրել թուղթը Մոսկվայի հետ, բայց ասել, որ դա պետք է իրականացնենք Վաշինգտոնոնում, դա կատարյալ նոնսենս է եւ պետական հանցագործություն, որովհետեւ դու դրանով մտնում ես երկու խոշորների բախման արանքը: ՆԱՏՕ եւ ՌԴ երկու անվտանգային համակարգերը բախվել են, աշխարհի վերաբաժանում է հերթական անգամ տեղի ունենում, եւ դու պետք է որոշես որտեղ ես, հիմա մենք ավելի վատ ճանապարհով ենք գնում քան 2008-ին Վրաստանը»,- ասաց նա: