Մարսելի Ազգային գրադարանի Ալկասար հանդիսությունների սրահում, սեպտեմբերի 15-ին, անցկացվել է տոնական հավաք «Լեռնային Ղարաբաղ. անկախությունից 20 տարի անց» խորագրով: Կազմակերպիչներն էին Մարսելի քաղաքապետարանը եւ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը: 

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր հավաքին մասնակցել են Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ, Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն, Ռիշար Մալյեն, Գի Տեսյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր տարածաշրջանի շրջանային եւ քաղաքային օրենսդիր ու գործադիր մարմինների, ֆրանսիական հասարակայնության ներկայացուցիչներ, լրագրողներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ եւ հայ համայնքի անդամներ: Միջոցառման կազմակերպիչները ողջունել են հանդիսությանը ներկա գտնվող Արցախի պատերազմի մասնակից, գեներալ Նորայր Տեր-Գրիգորյանին: Ցուցադրվել է Արցախի «Ծիր Կաթին» կինոստուդիայի 2010թ. նկարահանած «Արցախ-Ղարաբաղ» փաստագրական ֆիլմը: Պատգամավորները ներկայացրել են վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունների մասին իրենց տպավորությունները եւ շնորհավորել Արցախի ժողովրդին ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղի` որպես ժողովրդավար, անկախ պետական միավորի կայացման կապակցությամբ:  Պատգամավորները լավատեսություն են արտահայտել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Արցախի միջազգային ճանաչման առնչությամբ:

Նշանավոր տարելիցի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարությունից Տիգրան Հարունյանը, Ժաք Տոնապետյանը, Ֆրանիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը, Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: