Եվրամիությունում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարող են այցելել Չինաստան 2023 թվականի առաջին կեսին, հայտնում է Global Times-ը։
ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, եւ շուտով կսկսվեն «շատ հաճախակի բարձր մակարդակի փոխայցելությունները» ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ»,- ասել է Ֆուն չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
ԵՄ դիվանագետները քննադատում են Չինաստանի հրաժարումը Ուկրաինայում հակամարտությունը ներխուժում անվանելուց կամ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու կոչերից։
Ֆուն հարցազրույցներից մեկում նշել է, որ Ուկրաինայի պատճառով Չինաստանի նկատմամբ ԵՄ-ի զայրույթը «շատ իռացիոնալ է», եւ որ Չինաստանը չի ուզում, որ այդ հարցն ազդի դաշինքի հետ կապերի զարգացման վրա:
Այն բանից հետո, երբ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հրապարակել է փաստաթուղթ՝ պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշման շարադրմամբ, Չինաստանում ԵՄ գլխավոր դիվանագետ Խորխե Տոլեդոն Պեկինում լրագրողներին ասել է, որ փաստաթղթի մասերը մտահոգություն են առաջացնում:
«Այնտեղ ագրեսորի մասին հիշատակում չկա, ինչը տարօրինակ է, քանի որ պարզ է, որ կա ագրեսոր: Սա անօրինական է եւ անհիմն: Այնպես որ, դա մի փոքր տագնապալի է»,- ասել է Տոլեդոն:
Դեկտեմբերին Ֆուն հայտարարել է, որ պատերազմը Չինաստանին դրել է շատ դժվար դրության մեջ ԵՄ-ի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ Միշելը դեկտեմբերի սկզբին Պեկին կատարած այցի ժամանակ հորդորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին օգտագործել երկրի ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմի հետ կապված, գրում է Reuters-ը։





























