Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի թերահավատորեն է արձագանքել ուկրաինական պատերազմում հրադադարի մասին չինական առաջարկին։
«Երբ ես լսում եմ հաղորդումներ, եւ չգիտեմ, թե ճիշտ են արդյոք դրանք, որոնց համաձայն Չինաստանը, հնարավոր է, պլանավորում է Ռուսաստանին կամիկաձե անօդաչու սարքեր մատակարարել եւ միեւնույն ժամանակ խաղաղության ծրագիր է ներկայացնում, ապա ես առաջարկում եմ Չինաստանին իր գործողություններով դատել, ոչ թե խոսքերով»,- ասել է նա գերմանական Deutschlandfunk հանրային հեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ Չինաստանն առաջարկել էր Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղ ծրագիր, որը, սակայն, ոգեւորություն չի առաջացրել Արեւմուտքում, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մերժել է այն՝ ասելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ծափահարում է» խաղաղության չինական ծրագրին։
Բացի այդ, վերջին ժամանակներս անանուն աղբյուրներին հղումով արեւմտյան լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր եւ զինամթերք փոխանցելու հնարավորությունը։





























