Եթե պարզվի, որ այդ հանդիպման ընթացքում ընդունվել են Ադրբեջանի առաջ քաշած պայմաները, ապա դա ոչ թե բանակցությունների սկիզբը կլինեն, այլ Արցախի կործանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով օրերս Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպմանը:
«Եթե մենք նայենք վերջին իրադարձությունները, երբ որ Ադրբեջանը նախապայմանենր էր առաջ քաշում ճանապարհը բացելու համարել եւ երբ այդ ֆոնին Հաագայի դատարանը որոշում էր հրապարակել եւ այդ ընթացքում Արցախի իշխանությունները չգիտես ինչու սկսեցին համաձայնվել Ադրբեջանի առաջ քաշած պայմաններին, իհարկե, այդ հանդիպումը այս ֆոնին կարեւոր է, սակայն չի արտացոլում պայքարի այն ալիքը, որը վերահաստատեց Արցախի ժողովուրդը դեկտեմբերի 25-ին, եւ ասաց որ պայքարելու է ու չեն ընդունելու Ադրբեջանի պայմանները: Եթե պարզվի, որ այդ ընթացքում ընդունվել են Ադրբեջանի առաջ քաշած պայմաները, ապա դա ոչ թե բանակցությունների սկիզբը կլինեն, այլ Արցախի կործանում: Եթե մենք թույլ տանք, որ նման ձեւով բանակցությունների անվան տակ մանիպուլյացիա անեն եւ ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ ձեռք բերեն, որը միտված է Արցախի կործանմանը, իհարկե, անընդունելի է: Եթե դա այն բանակցություններն են, որ Ադրբեջանը ընդունելով Արցախի սուբյեկտայնությունը եւ հավասարը հավասարի հետ փորձում են ընդհանուր ելքեր գտնել ստեղծված իրավիճակից, ապա միանշանակ ողջունելի են, սակայն մենք չգիտենք՝ ինչ են բանակցել եւ ովքեր են բանակցել»,- ասաց նա:
Գալստյանի խոսքով՝ չնայած նրան, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը լիարժեք վերականգնվելու է, սակայն այն դեռ չի կատարվել, Արցախում հովհարային անջատումներ են կրկին:
«Ամեն դեպքում, ես այդ բանակցություններից լավ բան չեմ տեսնում, քանի որ այդ հանդիպումը տեղի ունեցավ ժողովրդի թիկունքում եւ միայն լրատվամիջոցների հրապարակելուց հետո իշխանությունները հաղորդագրություն տվեցին»,- ասաց նա:
Դավիթ Գալստյանի գնահատմամբ, եթե Հաագայի դատարան որոշումից հետո ազատել են պետնախարարին Ադրբեջանի պահանջով, եւ համաձայնեն Ադրբեջանի պայմաններին, կստացվի որ հենց հայկական կողմն է ի չիք դարձնում Հաագայի որոշումը, քանի որ միջազգային ատյաններում պարտադրել են բացել միջանցքը:
«Եթե այս պայմաններում համաձայնենք Ադրբեջանի պայմաներին, ապա կդառնանք Ադրբեջանի վարած քաղաքականության զոհը, եւ կստացվի, որ չկարողացան օրվա իշխանությունները տեր կանգնել հանրության կողմից ընտրած պայքարի ճանապարհին: Պարտված իշխանությունները հերթական պարտությունը կգրանցեն»,-ասաց նա:
Արդարություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Արցախի նախագահը Սահմանադրությունը որպես վահան է օգտագործում, իր պաշտոնը պահելու համար. «Օր առաջ պետք է կատարել սահմանադրական բարեփոխումաներ, որը մեզ թույլ կտա պարտված իշխանություններին հեռացնել»:





























