Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը մինչեւ վերջ չի կատարել Մադրիդյան համաձայնությունները։ Այս մասին նա ասել է լրագրողներին։

Նրա խոսքով՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան որոշակի պարտավորություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, բայց Ստոկհոլմը բոլոր պարտավորությունները չէ, որ կատարել է։

Շվեդիայում մինչեւ հիմա գործում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը», նշել է նա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մարտի 9-ին Բրյուսելում տեղի է ունենալու Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատվիրակությունների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։ Այս մասին Անկարայում ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան եւ Հունգարիան։