Ռուսաստանի Պերմի մարզում` Չերնուշկա քաղաքում, «Զոդիակ» խանութի մոտ, սեպտեմբերի 19-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մի կողմից վեց տեղացիներ են մասնակցել, մյուս կողմից 15 հոգանոց մի խումբ, որի կազմում Հայաստանի քաղաքացիներ են եղել:

Տուժել են քաղաքի չորս բնակիչներ: Նրանցից մեկը դանակի հարված է ստացել որովայնի հատվածում եւ գտնվում է վերակենդանացման բաժնում:

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, ծեծկռտուքին նախորդել է մեկ այլ բախում: ժամը 23-ի սահմաններում քաղաքի մի քանի բնակիչներ ծեծի են ենթարկել Հայաստանի երկու քաղաքացիների: Կռվի պատճառը հայերից մեկի ռեպլիկն էր քաղաքի բնակչուհիներից մեկի հասցեին:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հայաստանի քաղաքացիներից մեկի մոտից ԻԺ-81 հրազեն է առգրավվել, նաեւ սառը զենք: