Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի եւ Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի միջեւ բանակցությունների հնարավորության մասին՝ երկու երկրների արտգործնախարարների նման հանդիպման նախապատրաստումից հետո։

«Մենք պետք է աշխատենք տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման վրա։ Այսօր բանակցությունների ժամանակ քննարկեցինք, թե ինչ թեմաներով պետք է աշխատենք։ Միայն լուսանկարների համար հանդիպելը բավարար չէ։ Մեր բանակցություններից հետո մեր նախագահները կարող են հանդիպել նաեւ Թուրքիայում կամ Եգիպտոսում։ Նման հանդիպում պատրաստելը արտգործնախարարության խնդիրն է, եւ մենք կզբաղվենք դրանով», - երկուշաբթի օրը Մերսին քաղաքում ասել է Չավուշօղլուն՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Anadolu-ն։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2022 թվականին նախագահներն արդեն կարճ զրույց են ունեցել։ Նոյեմբերի 19-ին Ալ-Սիսին եւ Էրդողանը առաջին հանդիպումն են ունեցել Կատարում կայացած Աշխարհի գավաթի մեկնարկի արարողության ժամանակ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների երկար սառեցումից հետո:

«Երբ մեր նախագահները հանդիպեցին, նրանք պայմանավորվեցին էլ ավելի բարելավել հարաբերությունները բոլոր ոլորտներում: Եվ փաստորեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը շարունակվել է նույնիսկ ոչ այնքան լավ միջպետական ​​հարաբերությունների ժամանակաշրջանում», - ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է նաեւ, որ այդ հանդիպման ժամանակ առաջնորդները պայմանավորվել են նախ բանակցություններ վարել արտգործնախարարների միջեւ, ինչի համար աշխատել են փոխնախարարները։ Շուքրիի հետ բանակցությունները, ըստ Չավուշօղլուի, կշարունակվեն, քանի որ նման շփումները «շահավետ են»։

Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները վատթարացել են 2013 թվականին այն բանից հետո, երբ զինվորականները տապալել են Մուհամմեդ Մուրսիին, որից հետո կողմերը հետ են կանչեցլ իրենց դեսպաններին։ Էրդողանը նախկինում բազմիցս «բռնակալ» է անվանել Ալ-Սիսիին․ Անկարայում 2013 թվականի հուլիսյան իրադարձությունները բնութագրում են միայն որպես «ռազմական հեղաշրջում»։ 2021 թվականի մարտին Չավուշօղլուն հայտարարել էր Անկարայի եւ Կահիրեի միջեւ դիվանագիտական ​​մակարդակով շփումների վերականգնման մասին։ Ընդունելով, որ դրանց ամբողջական հաստատումը ժամանակ կպահանջի, ԱԳՆ ղեկավարը մատնանշել է հետախուզական ծառայությունների միջեւ եւ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով կապերի պահպանումը։