Բաշկիրիայի օրենսդիր ժողովը եւ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Էլվիրա Այտկուլովան օրինագիծ են ներկայացրել Պետդումա՝ արգելելու անչափահասների շրջանում երեխաներ ունենալուց կամավոր հրաժարվելու վերաբերյալ քարոզչությունը։ Փաստաթուղթը երկուշաբթի օրը տեղադրվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Երեխաների առողջությանը եւ զարգացմանը վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքում։ Ինչպես նշվում է բացատրական գրառման մեջ, «առանց երեխաների գաղափարախոսության կողմնակիցները տարածում են գաղափարներ, որոնք հիմք են հանդիսանում ապակառուցողական սոցիալական վարքագծի համար՝ հիմնված երեխաներ ունենալուց կամավոր հրաժարվելու վրա, ինչը հակասում է ավանդական ընտանեկան արժեքներին եւ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականությանը»։
«Այսպիսով, ներկա պայմաններում «առանց երեխաների» շարժման ակտիվիստների կողմից իրականացվող գիտակցված անզավակության քարոզչությունը հանգեցնում է պետական կառույցների դեգրադացման, ավանդական արժեքային կողմնորոշումների փոփոխման եւ պայմաններ է ստեղծում բնակչության քչացման համար», - կարծում են նախաձեռնության հեղինակները։





























