Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը չի ցանկանում ոչինչ ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ինքն է պատասխանատու Լաչինի միջանցքի համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանը։

«Ադրբեջանը Ռուսաստանին ցույց է տալիս, որ իրենք համաձայն չեն, որ Ռուսաստանն այս տարածքում մնա եւ պետք է հեռանա։ Հիմա Ռուսաստանն ի՞նչ է անում Լեռնային Ղարաբաղի համար, որ իրենք մնան այստեղ։ Ոչ մի բան, ադրբեջանցին ինչ ասում է՝ հետը համաձայնվում է»,- ասել է Սամվել Բաբայանը ու պնդել, որ հայկական կողմը պետք է ունենա սեփական պաշտպանությունը։

Անդրադառնալով իր՝ պետնախարար նշանակվելոու առաջարկին, Բաբայանն ասել է, որ այդ դեպքում ինքը կրթության, առողջապահության, զինված ուժերի ոլորտներում բարեփոխումներ կանի։ Բացի այդ՝ կկառուցի այլընտրանքային ճանապարհը, որը պատերազմից հետո մինչեւ հիմա չի կառուցվել, որի պատճառով էլ այսօր մենք կախված ենք Ադրբեջանի  վերահսկողության տակ անցած ճանապարհից։

«Մենք որեւէ ձեւ կապված ու կախված չպետք է լինենք ինչ-որ մեկից, որ  մեզ չպարտադրեն ինչ-որ մեկիհետ  գնալ, նստել, խոսել»,- ասել է Սամվել Բաբայանը՝ կրկնելով տալ իրեն 100 օր.

«Ես ընդամենը 100 օր եմ խնդրում։ Ինչ վերաբերում է հարցին՝ կանե՞նք, թե չենք անի, իհարկե կանենք, իսկ եթե չենք անի, կխայտառակվենք, կգնանք, կասեն՝ եկավ մեծ-մեծ փրթեց, այեւս բերանդ փակիր ու վեր ընկիր տեղդ»։

Սամվել Բաբայaնի խոսքով՝ նախկին պետնախարա Ռուբեն Վարդանյանը չի հաջողել կառավարման հարցում, քանի որ նա Արցախ է եկել «հին թիմից, որը կառավարվում էր դրսից՝ Ռուսաստանից»։

«Հին թիմ ասելով նկատի ունեմ էստեղի ու էդտեղի նախագահներին, եթե մարդը 100 օրում ծրագրային որեւէ  փոփոխություն չի արել, ի՞նչ պետք է սպասեիք իրենից, ես առաջին օրն էլ ասել եմ, որ ինքը չի կարող, եթե ինքը անկախ չէ, իհարկե ոչ մի բան չի ստացվելու»,- ասել է Սամվել Բաբայանը։

Դիտարկմանը, թե ինչու էր այդ դեպքում Ադրբեջանի նախագահը վախենում Ռուբեն Վարդանյանից, Բաբայանն ասել է, որ Ալիեւը վախենում էր ոչ թե  Վարդանյանից, այլ Ռուսաստանից։

«Ըստ Ալիեւի՝ Ռուսաստանն ուզում է նոր ձեւով սառեցնել կոնֆլիկտը, Ռուբեն Վարդանյանով կլինի, ինձնով, թե քեզնով, նա էդպես էր մտածում։ Ալիեւը համոզված էր, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի ներակայուցիչն էր, Վարդանյանն էլ իրեն ճղում էր, որ դա տենց չի, բայց Ալիեւն էլ իր ինֆորմացիան ուներ։ Ալիեւի կոնֆլիկտը հայերի ու ղարաբաղցիների հետ կապված չէր էս ճանապարհը փակելուց, այլ Ռուբեն Վարդանյանով էր պայմանավորված»,- նշել է Բաբայանը։

Սամվել Բաբայանն ասել է, որ Ադրնեջանը ցանկանում է իր անձն ունենալ, որի հետ կբանակցի, որը կախված չի լինի որեւէ կենտրոնից։

«Իսկ ինչու են ուզում, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ սառեցնելով էս կոնֆլիկտը, մի վիճակ է գալու, որ Ռուսաստանն իր տեղը գտնելու է եւ փորձելու է Ադրբեջանի հետ խնդիրը լուծել, էստեղ Ղարաբաղի խնդիր չկա»,- ընդգծել է նա։