Օսլոյի դատարանի այսօրվա` սեպտեմբերի 19-ի որոշմամբ, նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը եւս 8 շաբաթ կմնա կալանքի տակ, որից 4-ը` մենախցում, հաղորդում է Associated Press-ը:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 14-ին:
Այսօր Օսլոյի դատարանը քննարկել է Բրեյվիկի նախնական ձերբակալության ժամկետի երկարաձգման հարցը։ Այս նիստը պետք է դառնար առաջին բաց նիստը դատական գործընթացում, սակայն լրագրողների եւ զոհվածների ընտանիքների սպասումները չեն արդարացել։ Նորվեգացի ոստիկանները նշել են, որ Բրեյվիկը կարող է օգտվել առիթից եւ փորձել իր համախոհների հետ կոնտակտ հաստատել, եւ դատական նիստը որոշվել է անցկացնել փակ դռների հետեւում:
Փաստաբան Գեյր Լիպեստադի խոսքով, նրա պաշտպանյալն ինչ-որ բան է գրել եւ մտադիր է դատի ժամանակ ընթերցել։ «Նա իրավունք ունի բացատրություններ տալու, եւ դա փակ նիստ է։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ նա հնարավորություն կունենա ասել այն, ինչ մտածել է»,- ասել է Լիպեստադը, հայտնում է MIGnews.com-ը։
Առաջին դատական լսման ժամանակ Բրեյվիկը հատվածներ էր կարդացել իր հռչակագրից, սակայն դատարանն ընդհատել էր նրան:
Կրկնակի ահաբեկչությունը Նորվեգիայում տեղի էր ունեցել հուլիսի 22-ին։ Սկզբում պայթյուն էր տեղի ունեցել Օսլոյում` կառավարական շենքերի մոտ, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը գնդակոծության էր ենթարկել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում կառավարող Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարը: Ողբերգությանը զոհ էր գնացել առնվազն 77 մարդ:
Ահաբեկիչը` 32-ամյա Անդերս Բրեյվիկը դատարանում հայտարարել էր, թե փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ նա համացանցում մանիֆեստ էր հրապարակել, որում դատապարտում էր բազմամշակութայնությունը եւ առաջարկում Եվրոպայից ոչ եվրոպացիների արտաքսման եւ իսլամի ճնշման իր պլանը: Նա հայտարարել էր, որ ունի Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից կողմնակիցների` «մշակութային պահպանողականների» 8000 էլեկտրոնային հասցեներ:


























