Խաղաղության պայմանագրի որոշ կետերի մասով կոնսենսուս կա Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն են: Չեմ կարող բարձրաձայնել, որովհետեւ դա կարող է խանգարել ընթացող գործընթացին»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանի պատկերազմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում չպետք է արծարծվի Արցախի խնդիրը, իսկ Հայաստանի սկզբունքային գիծն այն է, որ դրանում Հայաստանը չի կարող ականներ դնել Հայաստանի պետականության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ: «Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են երկու երկրների հարաբերություններին: Արցախի հարցը այդ երկու երկրների պայմանագրի մեջ պետք է որեւէ ձեւով արտահայտված չլինի:

Հիմա քննարկում է գնում, թե վերջնական ինչ տեքստ կստացվի… միշտ երբ մի կողմը մի բան է առաջարկում, հակառակ կողմը նույնպես ինչ-որ բան է առաջարկում: Մենք պետք է հասկանանք՝ արդյոք մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերից բխում է, որ այս փաստաթղթում մենք ունենանք որեւէ նման բան: Թող չստեղծվի տպավորություն, որ այդ պայմանագրով փորձում ենք որեւէ ձեւով հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից: Արդյոք նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական  խաղաղության պայմանագրի մեջ, օրինակ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ի փաստաթղթում տեղ գտած մեզ համար եւ Արցախի ժողովրդի համար կարեւոր արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»: