Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման ընդամենը առաջին ծիծեռնակն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, թե ի՞նչ ազդեցություն կունենա Լ. Ալմագրոյի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

«Խնդիրն այն է, որ շատ պետություններ սահմանափակություն են զգում Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը քննարկելիս մի շատ պարզ պատճառով. կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ, որտեղ տեղի է ունենում բանակցային գործընթաց, եւ կա մտավախություն, որ իրենց նմանատիպ քայլերով, հայտարարություններով, նախաձեռնություններով կարող են վնասել գործընթացին»,- պարզաբանել է Շ. Քոչարյանը:

Նրա խոսքով, վերջին ժամանակահատվածը շատ ցայտուն ցույց տվեց, որ Ադրբեջանը տապալում է բանակցային գործընթացը, ավելին` փորձում է հենց Մինսկի խմբի ձեւաչափը կազմալուծելով, հարցը տեղափոխել այլ ատյաններ: «Դա գնալով ավելի մեծ ազատության աստիճաններ է տալիս նմանատիպ երկրներին: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ձեւով առաջ գնալ, ապա դա կդառնա անխուսափելի, շատ ավելի արագացված գործընթաց: Ամեն դեպքում, ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի է, խնդիրը ժամկետն է. ժամկետն արագացնողն այսօր Ադրբեջանն է»,- ասել է Քոչարյանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովին, մասնավորապես ասել էր. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։

Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։

Հիշեցնենք, որ Ուրուգվայը նաեւ աշխարհում առաջինն է պետականորեն ճանաչել 1915թ. Թուրքիայում հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածները, որպես Ցեղասպանություն: