Արցախում ստեղծված ճգնաժամի հիմնական խնդիրն այն է, որ Արցախի կառավարող էլիտան կամ լավ չի հասկանում, կամ նպատակային ձեւով իրական օրակարգից շեղվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախում առաջնային քննարկումները պաշտոնների, ազդեցության եւ ռեսուրսների վերաբաշխման շուրջ են ընթանում, սրանով շատ լոուրջ հարված է հասցվում Արցախի կենսունակությանը: Արցախի այն պաշտոնյաները, որոնք դա նպատակային չեն անում, պետք է ականջներին օղ անեն, որ մենք իրականում այլ խնդիրների մեջ ենք մխրճված»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Ադրբեջանը միջանցքի հետ կապված գոնե հրապարկային 4-5 նախապայմաններ էր ներկայացրել, որոնցից միայն մեկն էր վերաբերում Ռուբեն Վարդանյանին. «Գլխավոր խնդիրները վերաբերում են Կաշենի հանքում ադրբեջանական հնարավոր ներկայությանը, վերջացրած Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանի կողմից վերահսկողության իրականացմանը: Հիմա քննարկումը նրա շուրջ է, թե դա ինչպես է արտահայտվելու: Կարծես թե ռենտգեն սարքի տեղադրումն արդեն քննարկված, ավարտված է: Այլ հարց է, որ Ադրբեջանի նախապայմանները գնալով մեծանում են, եւ դրանք չեն ավարտվելու նույնիսկ այն դեպքում, եթե հիմա ինչ-որ ձեւով կոնսենսուս լինի եւ միջանցքը բացվի: Որքան ես եմ տեղյակ, քննարկվում է բեռնատար մեքենաների ռենտգեն սարքի անցկացումը, որը հնարավորություն կտա ադրբեջանցիներին որեւէ ձեւով վերահսկելու, թե ինչ ապրանքներ են մտնում Արցախ:

Միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից մարտավրական քայլ է, որի տակ դրվել են բավականին բարդ մի քանի քայլանի սխեմաներ: Ինչքան հայկական կողմը մտնի ադրբեջանական խաղի կանոնների դաշտ, այնքան մեզ համար ավելի է դա մոտեցնելու Արցախի հնարավոր կապիտուլյացիան»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը: