Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հանգեցրել է նրան, որ Միացյալ Նահանգները «Թալիբանին» 7,2 միլիարդ դոլարի զենք է թողել։ Այս տվյալները ներկայացնում է Աֆղանստանի վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը:
«Զորքերի դուրսբերման բնույթը շատ աֆղանցիների մոտ տպավորություն է թողել, որ ԱՄՆ-ն Աֆղանստանն ուղղակի փոխանցում է թալիբների ապագա կառավարությանը»,-ասվում է տեսուչի զեկույցում:
Սոպկոն նշել է, որ թալիբների ձեռքում հայտնվել է ոչ միայն հրաձգային սպառազինություն, այլեւ հրթիռներ, ինքնաթիռներ եւ այլ տեխնիկա, որն ավելի վաղ փոխանցվել էր Աֆղանստանի ամերիկամետ կառավարությանը՝ 18,6 մլրդ դոլարի չափով:
Տեսուչը աֆղանական բանակի արագ պարտության եւ թալիբներին ամերիկյան զենքի հետագա փոխանցման պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի վրա, որի օրոք, մասնագետի գնահատմամբ, պատշաճ վերահսկողություն չի ապահովվել Աֆղանստան զենքի մատակարարումների նկատմամբ:
Այս կապակցությամբ Սոպկոն Պենտագոնին կոչ է արել չկրկնել նախկին սխալները եւ խստորեն վերահսկել Ուկրաինային մատակարարվող զենքի հոսքը: «Հաշվի առնելով շարունակվող հակամարտությունը եւ Ուկրաինա տեղափոխվող զենքի աննախադեպ ծավալները, ռիսկը, որ ինչ-որ սարքավորումներ կհայտնվեն սեւ շուկայում կամ կհայտնվեն սխալ ձեռքերում, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է»,-նշել է փորձագետը:
Թալիբներն Աֆղանստանում իշխանության են եկել 2021 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ զորքերի եւ դաշնակիցների դուրսբերման արդյունքում։ Նրանց կառավարությունը մինչ օրս չի ճանաչել միջազգային հանրության մեծ մասը, սակայն թալիբները պարբերաբար այցելում են Մոսկվա։





























