Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնել Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այս օրերին մենք ցավով ենք հիշում Սումգայիթի ողբերգությունը: Անցյալի այս իրադարձությունների հիշողությունը խթան է ապագայում դրանց կրկնության հավանականությունը բացառելուն ուղղված ջանքերի համար»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, հաղորդում է «Спутник»-ը։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով եւ ոչնչացմամբ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։





























