Վերջին ամիսներին պարզ դարձավ, որ Ռուսաստանը բացահայտ ձախողել է ողջ քաղաքականությունը եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում, եւ տվյալ դեպքում Լավրովը փորձում է փրկել ինքն իրեն։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ օգտվելով Ուկրաինայի հակամարտությունից եւ Ռուսաստանի թուլությունից, փորձում են դուրս գալ ՌԴ տոտալ վերահսկողությունից։
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ուժային բլոկը վաղուց դեմ է եղել Փաշինյանին, եւ միայն արտաքին գործերի նախարարությունն է պաշտպանել նրան»,-ընդգծեց նա։
Փորձագետը հավելեց, որ Ռուսաստանում քաղաքական վերլուծության ընթացքում ուժայինները մատնանշել են ԱԳՆ-ին՝ ի դեմս Լավրովի, որպես Հարավային Կովկասում քաղաքականության ձախողման մեղավորի, քանի որ Բաքու-Երեւան դաշինքի արդյունքում փորձ է արվում Ռուսաստանին դուրս բերել տարածաշրջանից:
«Բոլոր սլաքներն ուղղված են եղել Լավրովի դեմ, որն իր պաշտոնում մնալու նպատակով մեկնել է Բաքու, որպեսզի փորձի համոզել Ադրբեջանին զսպել ախորժակը։ Նույն Լաչինի միջանցքում Բաքվի գործողություններն ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի դեմ»,-նշեց Կիվիրյանը։











