Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի նախագահի առաջարկը՝ նշանակվել պետնախարարի պաշտոնում: Այս մասին Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է տեսաուղերձով:
«Օրեր առաջ Արցախի ախագահի կողմից ստացել եմ պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկ: Նախքան դրա վերաբերյալ որոշում կայացնելը լսել եմ բազմաթիվ կարծիքներ ու տեսակետներ, ոմանք սկսեցին խոսել, որ դա գլխավոր դատախազի պաշտոնից հանելու միակ ճանապարհն է, որոշները լցվեցին հավատով եւ վստահությամբ, որոշները զարմանալիորեն, բայց ինձ համար ոչ անսպասելիորեն լուռ հետեւում են անհաջողության ու տապալման ակնկալիքով: Այս առնչությամբ ուզում եմ եմ հայտարարեմ, որ ինձ համար գլխավոր դատախազի պաշտոնից բարձր պաշտոն չկա ու չի կարող լինել:
Ես երբեք իմ կարծիքը արտահայտելու խնդիր չեմ ունեցել մեր պետականության ցանկացած հարցի շուրջ ունեցել եմ կշիռ ունեցող խոսք ու հնարավորություն, բայց մյուս կողմից՝ դատաազություն ինձ համար մի պատուհան էր, որտեղից 14-ամյա դատախազական աշխատանքի փորձով հետեւել ու տեսել եմ գործադիր իշխանությունում տեղի ունեցող բոլոր երեւույթները, սխալներն ու թերությունները, բացթողումները, կադրային քաղաքականության կոպտագույն սխալները, իրավական ճանապարհով բազմաթիվ հարցեր ու խնդիրներ լուծելու անկարողությունը եւ սխալ եմ համարում դրանք լուծելուց հրաժարվելը:
Դա ես համարում եմ դավաճանություն եւ անպատասխանատվության դրսեւորում Արցախի Հանրապետության եւ Արցախցու նկատմամբ: Այդ պատճառով ես ընդունել եմ առաջարկը եւ մեր պետության համար այս ծանրագույն շրջանում պատրաստ եմ ստանձնել պետնախարաի պարտականությունները հպարտորեն եւ Արցախի ժողովրդին ծառայելու, անմնացորդ ու ազնվորեն ծառայելու պատվի համար ամենազոր Տիրոջն ուղղված երախտիքով»,- ասել է նա:
Նա վստահություն է հայտնել որ քաղաքացիների հետ միասին օրինակելի հասարակարգ եւ պետություն են կառուցելու:











