Հռոմում երեկ՝ փետրվարի 28–ին, տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իտալիայի ԱԳՆ-ների միջեւ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը եւ քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել են նաեւ համագործակցությունը մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում։

Կողմերը անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները, ընդգծել պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Նախարարի տեղակալը նշել է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման ծանր հումանիտար հետեւանքները եւ կարեւորել Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշման իրականացումը։

Հռոմ այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Իտալիայի Սենատի փոխնախագահ Ջան Մարկո Չենտինայոյի եւ Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի հետ։