Այսօր ձերբակալված չորս քաղաքացիները ընկերության համար կարեւոր մարդիկ են, նրանց մեկուսացումը միտված է ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտելուն։ Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Նա պարզաբանեց, որ առայժմ ընկերությունում չեն հաշվարկել իրավապահների գործողությունների արդյունքում պատճառված վնասը՝ տեղեկացնելով, որ եւ՛ խուզարկությունները, եւ՛ բռնագրավումները բողոքարկվելու են՝ ընկերության հեղինակությանը հարված հասցնելու փորձերը կանխելու նպատակով:
Խաչատրյանը կրկնեց ընկերության դիրքորոշումը, որ իրավապահները խուզարկություններ եւ առգրավումներ են իրականացրել օրենքի խախտմամբ՝ ՍՊԸ-ի հեղինակությանը հարվածելու նպատակով։
Փոխտնօրենը հայտնեց, որ ընկերությունը դեմ է եղել տեսախցիկների անջատմանը մինչեւ խուզարկությունների սկսվելը, սակայն իրավապահները կոպիտ ուժի կիրառմամբ անջատել են դրանք:
«Այսօրվա ձերբակալությունները լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ քննչական կոմիտեն առաջնորդվում է մասնավոր շահով»,-նշեց Խաչատրյանը:
Նա նկատեց, որ եթե կան թերություններ, դրանք կարող են տեղի ունենալ տեխնիկական անսարքությունների պատճառով, կարելի է հանդես գալ պարզաբանմամբ։ «Իսկ նման զանգվածային խուզարկությունները, բռնագրավումները եւ ձերբակալությունները հարված են հասցնում ընկերության բնականոն գործունեությանը»,-եզրափակեց փոխտնօրենը:
Հիշեցնենք, որ «Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։











