Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ դիվանագետներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Դիվանագետի օրվա առիթով:
1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։ Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միացյալ ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնակայանի դիմաց։
Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։
Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Դիվանագետի օրվա առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը:
Նույն օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Լուսանկարում՝ Րաֆֆի Հովհաննիսյան՝ Հայաստանի արտգործնախարար, Ալեքսանդր Արզումանյան՝ ՄԱԿ-ում և ԱՄՆ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Արմեն Սարգսյան՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար. 1992 թ., Նյու Յորք, ԱՄՆ:





























