Հայաստանում կարող է ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ–ի` իրենց դեմ կայացրած ակտերը։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախարարը մանրամասնեց, որ նման մարմին ստեղծելու առաջարկ ստացել են միջազգային գործընկերներից. «Մենք այսօր պատրաստել ենք նախագիծ, որը արդեն հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից. մեր միջազգային գործընկերները խորհուրդ են տալիս ստեղծել մի մարմին, որ դատավորը կարողանա բողոքարկել իր դեմ կայացված ակտերը: ՄԻԵԴ-ի կոնցեպտում նախատեսվում է, որ եթե ստորին ատյանը, այս դեպքում ԲԴԽ-ն, կայացնում է որոշում, որից դժգոհ է դատավորը, բողոքարկման հնարավորություն ենք ստեղծում»,-ասաց նա՝ հավելելով, որ այն կարող է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հատուկ նպատակներով է հարուցում։