Երևանի քաղաքապետարանում քաղաքական թիմ է գործում և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում։ Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանի քաղաքապետը երկրորդ պլան մղվել, և բոլոր լուսանկարներում հենց Ավինյանն է երևում։
Նշենք, որ կառավարության նիստին այսօր ներկա էր ոչ թե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ հենց Տիգրան Ավինյանը։
«Հաշվի է առնվում կառավարության հետ իմ աշխատանքի մեծ փորձը, քանի որ երեք տարի աշխատել եմ փոխվարչապետ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես են աշխատում նախարարությունները»,-ասաց նա։
Հարցին, թե քաղաքապետը չի՞ պատկերացնում այդ ամենը՝ Ավինյանը պատասխանեց, «Երևանի քաղաքապետը կառավարությունում չի աշխատել, երեք տարի այս շենքում չի եղել եւ միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները։ Մենք ընդամենը արդյունավետություն ենք ապահովում»:
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում քաղաքապետի իշխանական թեկնածուն է, վերջերս բավական ակտիվ է և գրեթե ամեն օր ինչ-որ միջոցառման է մասնակցում։











