Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելուց հետո Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ռազմական առճակատումը քիչ հավանական է, քանի որ առաքելությունը քաղաքացիական է, եւ այն արդեն այնտեղ եղել է. պարզապես հիմա փոխվել են տեղակայման չափորոշիչներն ու ժամկետները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում տեղակայվել է ԵՄ նոր դիտորդական առաքելություն՝ բաղկացած 100 հոգուց։ Սա ԵՄ երկրորդ անընդմեջ առաքելությունն է։ Առաջին դիտորդները Հայաստան են մեկնել Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։
«Ռուսաստանին դա այնքան էլ դուր չի գալիս, սակայն զինված առճակատում հնարավոր չէ պատկերացնել։ Ռուսաստանն այնտեղ քիչ քանակությամբ ռազմական ուժեր ունի, իսկ եվրոպացիներն ընդհանրապես չունեն, եւ առայժմ ոչ ոք չի նախատեսում նրանց այնտեղ ուղարկել։ Ինչ վերաբերում է նույն ֆրանսիացի ժանդարմներին ու գերմանացի ոստիկաններին, ապա նրանք ավելի հավանական է անվտանգության գործառույթներ կատարեն։ Սրանք զինվորներ չեն եւ նախատեսված չեն մարտական գործողությունների համար, բայց ծայրահեղ դեպքում կարող են գործել ինքնապաշտպանության նպատակներով։ Եվ նույնիսկ այդ դեպքում նրանք սովորաբար դրանից խուսափում են: Ուստի առաքելությունը չի կարելի անվանել ռազմական»,- պարզաբանեց նա։
Ռազմական փորձագետի գնահատմամբ Հարավային Կովկասում եվրոպացի խաղաղապահների հայտնվելը դեռեւս քիչ հավանական է թվում, եթե չասենք, որ դա այժմ ընդհանրապես անհնար է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին զսպելու ԵՄ առաքելության արդյունավետությանը, ապա դա կախված կլինի նաեւ Բաքվում կայացված որոշումներից, ասել է Ֆելգենհաուերը։
«Եթե Ադրբեջանը որոշի գործել, ոչ ոք նրան առանձնապես չի կանգնեցնի։ Բայց նշաններ չկան, թե նրանք դա կանեն: Առայժմ Բաքուն ուժեղ ճնշում է գործադրում։ Արեւմուտքում ցանկանում են հասնել ավելի կայուն իրավիճակի, Բրյուսելում նոր բանակցություններ են ծրագրվում, որոնց ընթացքում կարող են ինչ-որ բան պայմանավորվել։ Ադրբեջանը լուրջ առճակատման մեջ է Թեհրանի հետ, եւ Արեւմուտքի հետ առճակատում նրան պետք չէ, ուստի Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան քիչ հավանական է»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է մասնակցությունը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիր-3»-ին: Ֆելգենհաուերը կարծում է, որ այս որոշումն ուղղակիորեն չի ազդի Հարավային Կովկասի վրա։
«Ռուսաստանի հարաբերություններն Արեւմուտքի հետ շատ վատ են, ավելի վատ, քան երբեւէ։ Նման որոշումից նրանք չշահեցին, բայց դա ուղղակիորեն չի ազդի Հարավային Կովկասի վրա»,- եզրափակեց նա։
Արամ Դանիելյան





























