Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու, եւ ԼՂ ժողովրդի, իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար: Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերն ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը: Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի արդյունքում 120 հազար բնակիչներև հայտնվել են փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ շատ կարեւոր է միջազգային փաստահավաք խմբի առաքումը Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային հանրության համար իրավիճակն ավելի համապարփակ ներկայացնելու համար:
«Պիտի ընդգծեմ, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է Ադրբեջանին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը: Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը: Կարեւորում ենք Գերմանիայի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ համամարդկային արժեքների պահպանության երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց նա:











