44-օրյա պատերազմում զոհված Հայկ Հարությունյանի հայրը՝ Հրանտիկ Հարությունյանը Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հայտնեց, որ շրջափակման մեջ գտնվող զինծառայողները հայտնել են իրենց գտնվելու վայրը, սակայն ոչինչ չին արվել նրանց փրկելու համար:

«Նոյեմբերի 23-ին եւ 24-ին Հարութը զանգել է օգնություն խնդրել, զանգել է հորը, հայրը տունը չի եղել, զանգել է Ղարաբաղ տելեկոմի օպերատորին, էդ մարդը հասցրել է, որ օգնություն է պետք, վարչապետին էլ է հասել, բայց ոչ մի բան չարեցին պարոն դատավոր: Մարդը զանգել, ասել է, որ 15 հոգով մի տեղ ենք, 5 հոգով մի տեղ, 20 հոգի մարդ ենք, շուտ հասեք օգնության, մարդիկ մատը մատներին չեն տվել, ոնց որ էդ զինվորները իրանց պետք չեն»,- ասաց նա:

 Զոհված զինծառայողի խոսքով՝ Հադրութում ողջ հայտնաբերված հայ զինծառայողների մասին Արցախի նախագահի հրապարակումից հետո են ադրբեջանցիները գտել եւ սպանել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած հայ զինծառայողներին:

«Երեխեքին սպանելուց հետո նույնիսկ մարմիները չէին բերում, ստիպված մտել եմ Վիտալի Բալասանյանի մոտ, խնդրեցի, ասեցի՝ ինչ կլինի, մենակ քեզ ենք հավատում, Մուրադովին ասա, թող բերեն, սրանք մեր երեխեքն են, հաջորդ օրը բերեցին երեխեքի մարմինները»,- պատմեց Հարությունյանը:

Զոհված զինծառայողի հայրն ասաց, որ հրամանատար չի եղել, որ զինծառաողներին զգուշացներ, որ հակառակորդն արդեն մտել է Հադրութ:

«Իմ լսելով՝ երեխեքն իջել են, հրամանատրն է եղել, թե ով է եղել, ասել է, գնում ենք Հադրութ, իջել են, հասել են ձորին, որ գնան Հադրութ, թուրքերը БМП–ով դուրս են եկել տղաների դիմաց, հետնահանջ են տվել, որ հելնեն սարը, սարից էլ ահաբեկիչներն են հարձակվել երեխեքի վրա, 20 հոգի էդ ձորի մեջ են զոհվել, մմացածը անտառով իջել են Վանք գյուղը»

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: