Շատ ռուսաստանցիներ, մասնավորապես ՏՏ ոլորտից, տեղափոխվել են Հայաստան. կարծում եմ` դա տեղի է ունեցել որոշակի տեխնիկական հարցերի պատճառով, որովհետև սովորաբար նրանք վարձատրվում են արևմտյան կազմակերպությունների կողմից, և պատժամիջոցներից հետո հավանաբար նրանք չէին կարողանում ստանալ աշխատավարձ և որոշեցին տեղափոխվել Հայաստան: Այս մասին նախօրեին՝ մարտի 2-ին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է. «Գուցե նրանք սիրեցին մեր երկիրը։ Եվ, անկեղծ ասած, մենք ուրախ ենք նրանց ներկայության համար, քանի որ դա ստեղծում է հավելյալ տնտեսական ակտիվություն մեր երկրում։ Ի դեպ, մենք 2022-ին գրանցել ենք 12.5% տնտեսական աճ։ Ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սա պայմանավորված է ռուս էմիգրանտների գործունեությամբ։

Կուզենայի նաև ասել մի բան, որն ուղղակիորեն կապված չէ հարցի հետ, բայց կապված է մեր տարածաշրջանային իրադրության հետ, որովհետև Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ ասում են, որ Հայաստանը միաէթնիկ երկիր է, և նրանք դա ներկայացնում են որպես շատ բացասական փաստ։

Ուզում եմ նշել, որ մենք մեր խորհրդարանում ունենք ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներ, և դա պարտադիր է։ Համաձայն մեր Սահմանադրության` ազգային փոքրամասնություններն ունեն մանդատ մեր խորհրդարանում։ Եվ հիմա մենք ունենք ռուս, ասորի, քուրդ, եզդի ներկայացուցիչներ։ Ի դեպ, եզդիները մեր երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, և հիմա մենք ունենք կարծեմ չորս երաշխավորված, պարտադիր մանդատներ ազգային փոքրամասնությունների համար, և եթե չեմ սխալվում, Ադրբեջանի խորհրդարանում ազգային փոքրամասնությոնների համար նախատեսված մանդատներ չկան»։