Իրանի հատուկ ծառայությունների հետ անօրինական կապերի մեջ մեղադրվող եւ 17 տարվա ազատազրկման դատապարտված Սաբուհի Սալիմովը մարտի 2-ին սրտային անբավարարությունից մահացել է դատարանի դահլիճում։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

Գործակալության տեղեկության համաձայն՝ Բաքվի վերաքննիչ դատարանում Սալիմովի դատավճիռն ուժի մեջ թողնելու վճռի հրապարակումից հետո նրա արձագանքն ու բողոքը հուզական են եղել, ինչի պատճառով նրա առողջական վիճակը վատացել է։ Որոշ ժամանակ անց նա մահացել է դատարանի դահլիճում։

Սաբուհի Սալիմովը կալանավորվել էր 2021թ. հոկտեմբերին Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Նրան ներկայացվել էր մեղադրանք Ադրբեջանի Քր. օր. 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։ Մեղադրական եզրակացության տեքստի համաձայն՝ Սալիմովը քանիցս գնացել է Իրան, որտեղ հանդիպել է տեղի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ եւ նրանցից փող վերցրել։ ԻՀՊԿ-ի աշխատակիցները Սալիմովին տարբեր առաջադրանքներ են տվել, այդ թվում բողոքի ակցիաների կազմակերպում Բաքվում Իսրայելի դեսպանության առջեւ, որի ընթացքում նա պետք է այրեր հրեական պետության դրոշը։ Սալիմովը մեղադրանքները չի ընդունել՝ հայտարարելով, որ իրեն վերագրվող հանցանքները կատարել է ոչ թե Իրանի հատուկ ծառայությունների ցուցումներով, այլ իր կրոնական համոզմունքներից ելնելով։