Բաքվում շարունակում են շրջանառել «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» գաղափարը։ Հիշեցնենք, որ դրա տակ ենթադրում են Հայաստանի ողջ տարածքը։

Այս անգամ Բաքվից հայտնում են, որ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը», իբր, կոչ է արել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին «սկսել Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մոնիթորինգը»։ Հապճեպ հորինված կառույցում «կարծում են, որ Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների հարցը պետք է դառնա այդ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ մոնիթորինգի ընթացակարգի առարկա»։ Դա հաշվի առնելով՝ «համայնքը» նամակով դիմել է Եվրոպայի Խորհրդին՝ ԵԽԽՎ անդամ երկրների պարտավորությունների կատարման կոմիտեի (մոնիթորինգային կոմիտե) Հայաստանի գծով համանախագահներ Կիմմո Կիլյունենին եւ Բորիանա Էբերգին, որում «կոչ են արել սկսել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքների ապահովման ոլորտում Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գործընթացը»։