Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանը կեղծ է անվանել չճանաչված Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության դեմ նախապատրաստվող ռազմական գործողության մասին հաղորդագրությունները:

«Մոլդովայի իշխանությունները բազմիցս խոսել են մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ միջոցներին հավատարիմ լինելու մասին։ Դա կառավարության հաստատուն, սկզբունքային դիրքորոշումն է»,-ասել է Սերեբրյանը Vocea Basarabiei հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հենց այդ ուղղությամբ են կենտրոնացած մեր ջանքերը, մենք բանակցություններ ենք վարում Մերձդնեստրի վարչակազմի հետ, որը նույնպես հայտարարում է բանակցություններ վարելու ձգտման մասին»,-ընդգծել է Սերեբրյանը:

Մոլդովայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել է Մերձդնեստրում ռազմական գործողություն նախապատրաստելու մասին լուրերը: «Տարածվող կեղծ տեղեկատվությունն ուղղված է Դնեստրի երկու ափերի բնակիչների շրջանում խուճապ եւ շփոթություն ստեղծելուն»,-հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարարությունը։