Իրանն ու Հայաստանը կարող են Սյունիքում այնքան բարձրացնել ռազմական համագործակցության մակարդակը, որ Ադրբեջանի մտքով անգամ չանցնի ագրեսիա իրականացնել այնտեղ։ Այս մասին NEWS.am -ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակում ասաց իրանագետ Հարութ Առաքելյանը։
Այն պայմաններում, երբ անվտանգության ոլորտում Իրանի եւ Հայաստանի շահերը համընկնում են, Թեհրանը կոչ է անում բարձրացնել ռազմական համագործակցության մակարդակը, սակայն հայկական կողմից նման առաջարկները պատշաճ արձագանք չեն ստանում։
Նա Հայաստանին կոչ է արել ավելի ակտիվ համագործակցել Իրանի հետ եւ արագ իրականացնել Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ծրագիրը։
«Իրանցի փորձագետները, հակառակ թուրքական եւ ադրբեջանական քարոզչությանը, փորձում են իրենց քաղաքացիներին փոխանցել այն միտքը, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, նույնպես Իրանի դեմ է ուղղված։ Սակայն Հայաստանն այս հարթակում պասիվ է», - հավելեց Առաքելյանը։
Նա ցավով նշեց, որ Հայաստանում արտաքին քաղաքական դոկտրին չկա.
«Մենք նայում ենք, թե որտեղ է քամին փչում յուրաքանչյուր պահի: Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են, թեեւ իրանցի թուրքերը չեն ձգտում անջատվել Իրանից եւ միանալ Թուրքիային կամ Ադրբեջանին։ Մենք Իրանում 400 տարուց ավել է հայկական համայնք ունենք՝ չհաշված մեր հարաբերությունների հազարամյա պատմությունը», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ առայժմ Թեհրանը փորձում է Հայաստանի միջոցով խաղաղեցնել իրավիճակը տարածաշրջանում, սակայն Իրանն արդեն սկսել է խոստովանել, որ Հայաստանը երկակի խաղ է խաղում՝ Իրանի սահմանների մերձակայքում տեղակայելով երկրի թշնամու զինված առաքելությունը՝ ի դեմս ԵՄ առաքելության։
«Քանի դեռ ԵՄ առաքելությունը քաղաքացիական էր, Իրանը փորձում էր հաշտվել դրա հետ, սակայն երբ խոսքը գնում է ապագայում հնարավոր ռազմական ներկայության մասին, բնականաբար Իրանը կփորձի խաղալ իր խաղը։ Այսօր պայքար է ընթանում նոր աշխարհակարգի համար, եւ քանի դեռ այն չի հաստատվել, անհնար կլինի կայունության հասնել տարածաշրջանային մակարդակներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Այսօր նոր սահմաններ են գծվում», - եզրափակեց իրանագետը։











