Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին շաբաթ օրը հայտարարել է, որ Թեհրանում կառուցողական հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է AFP-ն։
«Կառուցողական բանավեճ վարելով... եւ լավ համաձայնագրեր կնքելով, ես համոզված եմ, որ մենք կընթանանք կարեւոր համաձայնությունների ձեռքբերման ճանապարհով»,- ասել է Գրոսին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Գրոսին Թեհրան է ժամանել ուրբաթ, որպեսզի բանակցի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բանակցությունների օրակարգում միջուկային տեխնիկական հարցեր են։
Իր երկօրյա այցի ընթացքում միջազգային գերատեսչության ղեկավարը պետք է բանակցի նաեւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Սա Գրոսիի չորրորդ այցն է Իրան 2019թ. դեկտեմբերին ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, եւ այցը նախորդել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի երկուշաբթի օրվա նիստին։
Իրանը եւ ԱԷՄԳ-ն տարակարծիք են մի շարք հարցերում, որոնք վերաբերում են երկրի միջուկային գործունեությանը։ Եռամսյակային կոնֆիդենցիալ հաշվետվությունում ՄԱԿ-ի միջուկային վերահսկիչ մարմինը տեղեկացրել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտ հունվարի 22-ին կատարված տեսչական այցի ժամանակ հայտնաբերվել են ուրանի մասնիկներ, որոնք հարստացված են եղել 83,7 տոկոսով։
Էսլամին հերքել է այդ մեղադրանքը՝ հայտարարելով, որ Իրանի խաղաղ միջուկային գործունեությունում «որեւէ շեղում» չի եղել։
Գրոսիի այցը կարող է օգնել դուրս գալ 2015թ. միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին բանակցությունների փակուղուց։





























